Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Ն.Բ.-ն և հայտնել, որ աշխատանքային պայմանագրի լուծման արդյունքում գործատուն՝ «Սիթի» ՍՊԸ-ն («Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը) չի վճարել իր 2018 թվականի նոյեմբեր ամսվա 70.000 ՀՀ դրամ աշխատավարձը, դեկտեմբեր ամսվա 35.000 ՀՀ դրամ աշխատավարձը, չօգտագործված արձակուրդի դիմաց հաշվարկված փոխհատուցման գումարը և տույժերը:
Ուսումնասիրելով առկա փաստերը, մեր իրավաբանական թիմը աշխատավարձի բռնագանձելու պահանջով հայց ներկայացրեց դատարան, որը 2020 թվականի հունվարի 15–ին դատարանն ընդունեց վարույթ։
Գրասենյակը, միաժամանակ, ջանքեր էր գործադրում հարցը արտադատական կարգով լուծելու ուղղությամբ. արդյունքում մեր վստահորդ Ն.Բ․-ի և «Սիթի» ՍՊԸ-ի միջև ձեռք է բերվել հաշտության համաձայնություն՝ ըստ որի «Սիթի» ՍՊԸ-ն մեր վստահորդ Ն.Բ.-ին վճարեց 200 000 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ նախկինում ևս ԱԻՊ գրասենյակ են դիմել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի նախկին աշխատակիցները միևնույն՝ վերջնահաշվարկ չկատարելու խնդրով։ Այս գործատուի մոտ կարծես թե արմատավորված վարքագիծ է դարձել իր նախկին աշխատողների վերջնահաշվարկը կատարել, երբ դատարանը վարույթ է ընդունում գործը։
ԱԻՊ գրասենյակը ևս մեկ անգամ հասարակության և պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում գործատուների կողմից քաղաքացիների աշխատանքային իրավունքները պարբերաբար խախտելու խնդրի վրա՝ հույս հայտնելով, որ պետությունը քայլեր կձեռնարկի տվյալ խնդրի լուծման և անբարեխիղճ գործատուներին սաստելու ուղղությամբ։
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, սոցիալական նպաստների, կենսաթոշակների և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու նպատակով կարող եք դիմել «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ (hեռ.՝ 094-99-65-04, 096-99-66-04, hասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8):