Աշխատանքային իրավունքների պաշտպանության (ԱԻՊ) գրասենյակ էր դիմել քաղաքացի Վ.Ս.-ն՝ հայտնելով «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կողմից անհիմն կերպով իր աշխատանքային պայմանագրի լուծման մասին և ներկայացրել փաստաթղթերը: Խախտված իրավունքները վերականգնելու նպատակով ԱԻՊ գրասենյակի աջակցությամբ Վ․Ս․-ն դիմեց դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու հրամանը, նախկին աշխատանքում վերականգնել և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը (1.5 տարուց ավելի)։
2019 թվականի սեպտեմբերի 6-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քաղաքացու հայցն ամողջությամբ։ Պատասխանող կողմը՝ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ը բողոքարկել էր վճիռը Վերաքննիչ դատարան։ 2020 թվականի փետրվարի 14-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնվեց անփոփոխ:
ԱԻՊ գրասենյակը հասարակության և պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում պետական հիմնարկների կողմից քաղաքացիների աշխատանքային իրավունքների պարբերաբար խախտումների խնդրի վրա՝ ակնկալելով, որ կոնկրետ այս դեպքում լիազոր մարմինը՝ ի դեմս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, քայլեր կձեռնարկի քաղաքացու խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու, ինչպես նաև «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ում խախտումները թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, սոցիալական նպաստների, կենսաթոշակների և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու նպատակով կարող եք դիմել «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ (hեռ.՝ 094-99-65-04, 096-99-66-04, hասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8):