Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը հասարակության, ԶԼՄ-ների և պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում անչափահաս անձանց աշխատանքային իրավունքների համատարած խախտումների խնդրի շուրջ՝ միաժամանակ հայտարարելով, որ գրասենյակը իր հերթին պատրաստակամ է իրականացնել հանրային մոնիտորինգ, բացահայտել անբարեխիղճ գործատուներին և քայլեր ձեռնարկել խախտումները վերացնելու ուղղությամբ։ Առաջնահերթ կարևորում ենք իրազեկման աշխատանքը, որը կանխարգելիչ նպատակ ունի։
Բանն այն է, որ նախատոնական օրերին զգալիորեն ավելանում է առևտրի շրջանառությունը, որի արդյունքում խանութները, հատկապես խոշոր սուպերմարկետները ժամանակավորապես աշխատանքի են ընդունում անչափահասների, ովքեր հիմնականում ներգրավված են փաթեթավորման և սպասարկման աշխատանքներում։
ՀՀ աշխատանքային օրենսդրությունը նախատեսում է մի շարք սահմանափակումներ և լրացուցիչ երաշխիքներ, որոնք պարտավոր են պահպանել և ապահովել գործատուները՝ տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց հետ աշխատանքային հարաբերություններում:
Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել տեղեկանք նրա առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ): Իսկ մինչև տասնութ տարեկան դառնալը աշխատողը պետք է պարբերաբար անցնի բժշկական զննություն` գործատուի հաշվին:
Լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր չի կարող կնքվել մինչև տասնութ տարեկան աշխատողի հետ:
Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձը չի կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի: Պետք է սահմանվի աշխատաժամանակի կրճատ տևողություն` շաբաթական մինչև 36 ժամ: Գիշերային ժամանակի ընթացքում (ժամը 22։00-ից մինչև 06։00-ը) չի թույլատրվում աշխատանքի ներգրավել մինչև տասնութ տարեկան անձին: Եթե օրական աշխատաժամանակը գերազանցում է 4 ժամը, ապա պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե: Ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը պետք է կազմի 12 ժամից ոչ պակաս, իսկ շաբաթվա ընթացքում պետք է տրամադրվի առնվազն 2 հանգստյան օր:
Մինչև տասնութ տարեկան աշխատողը չի կարող ներգրավվել հերթապահության, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2308-Ն որոշմամբ:
Մինչև տասնութ տարեկան անձանց համար սահմանված են ծանր հետևյալ աշխատանքները՝
• 15 կգ-ից ավելի տեղային ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում (ձեռքերի և ուսահոդի մկանների մասնակցությամբ) բեռի տեղափոխում մինչև 1 մ,
• 15 կգ-ից ավելի ընդհանուր ծանրաբեռնվածության դեպքում (ձեռքերի, մարմնի, ոտքերի մկանների մասնակցությամբ) բեռի տեղափոխում 1-5 մ,
• 10 կգ-ից ավելի ընդհանուր ծանրաբեռնվածության դեպքում բեռի տեղափոխում
5 մ-ից ավել,
• 10 կգ-ից ավելի ծանրության (միանվագ) բարձրացում և տեղափոխում ձեռքով` մշտապես աշխատանքային հերթափոխի ընթացքում,
• 30 կգ-ից ավելի գումարային զանգվածով բեռների տեղափոխում աշխատամակերեսից՝ հերթափոխի յուրաքանչյուր ժամվա ընթացքում
• 50 կգ-ից ավելի գումարային զանգվածով բեռների տեղափոխում հատակից՝ հերթափոխի յուրաքանչյուր ժամվա ընթացքում,
• հերթափոխի ժամանակի 50% և ավելի դեպքերում կանգնած դիրքում գտնվելը,
• 3 կմ-ից ավելի՝ աշխատողի հորիզոնական շարժ հերթափոխի ընթացքում,
• 1 կմ-ից ավելի՝ աշխատողի ուղղահայաց շարժ հերթափոխի ընթացքում:
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք՝ Հեռ․՝ 094 99 65 04, 096 99 66 04, Հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8։
ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ գրասենյակի բոլոր ծառայությունները անվճար են: