Եթե Դուք նոր եք սկսում Ձեր կարիերան, ապա շատ կարևոր է, որ իմանաք, թե ինչ աշխատանքային իրավունքներ ունեք: Իրազեկված լինելը կարևոր նախապայման է, որ հետագայում կարողանաք պաշտպանել ինքներդ Ձեզ:
Ահա մի քանի կարևոր դրույթներ
• Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ամրագրվում են աշխատանքային պայմանագրով: Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ: Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել ինչպես անորոշ, այնպես էլ որոշակի ժամկետով:
• Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
• Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել: Փորձաշրջանի ընթացքում աշխատողը ունի վարձատրության իրավունք առանց որևէ սահմանափակման:
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, սոցիալական նպաստների, կենսաթոշակների և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու նպատակով կարող եք դիմել «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ (hեռ.՝ 094-99-65-04, 096-99-66-04, hասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8):