Աշխատանքային իրավունքների խախտման դեպք Արթիկում. երկու տասնյակից ավելի քաղաքացիներ դիմել են ԱԻՊ–ին

«Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը տեղեկացնում է.
Արթիկ քաղաքի ՀՅԴ «Թաթուլ Կրպեյան» կոմիտե են դիմել տեքստիլ արդյունաբերության «Սասստեքս» ՍՊԸ-ի 23 նախկին աշխատողներ՝ իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդրով:

2020թ. փետրվարի 1-ին ՀՅԴ «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի նախաձեռնությամբ «Սասստեքս» ՍՊԸ-ի նախկին աշխատողները հանդիպեցին Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց աշխատանքային իրավունքների ենթադրյալ խախտումները և ստացան անհրաժեշտ իրավական խորհրդատվություն: Միաժամանակ, հանդիպման մասնակիցները լիազորեցին Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի փաստաբանին՝ իրենց աշխատանքային իրավունքների հետագա պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Հարկ է նաև նշել, որ հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների և առկա փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում՝ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը արձանագրել է այդ քաղաքացիների վարձատրության իրավունքի հնարավոր խախտման մի շարք փաստեր:

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը, մինչև դատական կարգով իր վստահորդների իրավունքների պաշտպանությունը, առաջիկայում դիմելու է «Սասստեքս» ՍՊԸ-ի տնօրենին՝ բանակցությունների միջոցով փաստագրված խնդիրների լուծման նպատակով:

Միաժամանակ տեղեկացնում ենք.

Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, սոցիալական նպաստների, կենսաթոշակների և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու նպատակով կարող եք դիմել «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ (hեռ.՝ 094-99-65-04, 096-99-66-04, hասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8):